Դեռ կգան նրանք`
Բանաստեղծության հուրը շուրթերին`
անահ սրտերում
Բանի արարման հրկեզ կորովով,
հաղթ բազուկների
հարալիքվող անդուլ եռանդով,
պայծառ աչքերում
ծնողամեծար անհուն գորովով
մայր հող ու ջրին:
ՈՒ ոգի դարձած
ես դեռ կփարվեմ այդ ալ շուրթերին,
սրտերին բռունցք,
մատներին շքեղ:
ՈՒ ոգեկոչված
նրանց ունկերին դեռ կշշնջամ .
- Ներող եղեք մեզ.
չարիքի դարում,
կեղծիքի զազիր փառատոնի մեջ`
այս նեռամեծար շքահանդեսում
մենք, թեև տկար,
բայց խուլ ձորերում,
ծերպերում լերանց, խցերում խոնավ,
թեկուզ և մոմի թրթիռի տեսքով,
անմար պահեցինք
հավատքի կայծը ձեր նոր Գալուստի
և հույսի շողը Դարձի մեր համայն:
Ալան- թալանի, քանդուքարափի
այս եղծության մեջ,
այս կեղծության մեջ
մենք չէինք կարող
մեծ ու պանծալի գործեր կատարել,
Սակայն մենք եղանք աննկուն վահան
ու թեև ծնկած`
ոտքի տակ ընկած ,
վիրավոր, անե՛լ ,
թեկուզ խոցվեցինք ու հոշոտվեցինք,
բայց մեր մարմնով պատսպարեցինք
ու, թեկուզ կես շունչ,
փրկել ենք, ահա՛,
Սկիզբը դրոշ`
Խոսքն անապական:
Այն ձեզ ենք հասցնում
բնօրինակով,
որպես անաղարտ պայմանագիրը
մեր Հավերժության:
Հավատացել ենք,
որ ձեր շուրթերին այն դեռ կծաղկի,
ձեր սրտերի մեջ խարույկ կդառնա,
ու կարտաշնչեք
հրե շիթերով խավարասասան:
Եվ կհավաքվեք
հատ- հատ և խումբ- խումբ
բարձր գյուղերից ու քաղաքներից ,
հեռաստաններից սփռյալ ցանուցիր.
արևահայաց ու արծվատես,
և ցլակորով , նու՜րբ ու գեղանի,
անհաղթ շարքերով
դեռ կգաք, կգա՛ք:
ՈՒ ոգի հառնած
դեռ պիտի փարվեմ ես ձեր ոտքերին.
- Մատա՜ղ լինեմ ձեզ:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ